BP-ն հրաժարվում է Բաքու–Սուպսա և ԲԹՋ նավթատարների օպերատորի դերից

BP-ն հրաժարվում է Բաքու–Սուպսա և ԲԹՋ նավթատարների օպերատորի դերից

6 դեկտեմբերի 2025 – 11:03 AMT

PanARMENIAN.NetԲրիտանական BP ընկերությունը բանակցում է Բաքու–Սուպսա և Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարների կառավարման իրավասություններից հրաժարվելու շուրջ։ Այդ մասին հայտնել է ընկերության վրացական ներկայացուցչությունը «Business Media»-ին։

Ըստ աղբյուրի՝ քննարկումների հիմնական նպատակը Վրաստանի տարածքում գտնվող Բաքու–Սուպսա նավթատարի ենթակառուցվածքների փոխանցումն է Վրաստանի Նավթի և գազի կորպորացիային կամ նրա կողմից նշանակված օպերատորին։ Բացի այդ, նախատեսվում է ԲԹՋ և Հարավկովկասյան նավթատարի կառավարումը հանձնել «SOCAR Midstream» ընկերությանը, գրում է Minval.az-ը։

Թեպետ BP-ն հրաժարվել է այս հատվածներում օպերատորի կարգավիճակից, այն շարունակում է մնալ նախագծերի բաժնետեր։ Ընկերությունը տիրապետում է ԲԹՋ-ի 30.1% և Հարավկովկասյան նավթատարի 29.99% բաժնեմասերին։

Նախատեսվում է, որ օպերատորի դերի փոխանցման գործընթացը կավարտվի 2026 թվականի առաջին կիսամյակի վերջին՝ համապատասխան համաձայնագրի կնքման դեպքում։

Նշվում է, որ այս փոփոխությունները չեն վերաբերում Սանգաչալի տերմինալին։ Փոխանցումից հետո BP-ն կշարունակի օպերատորի դերը «Ազերի-Չիրագ-Գյունեշլի», «Շահդենիզ» ծրագրերում և Սանգաչալի տերմինալում։

Վրաստանում օպերատորի դերի փոխանցումից հետո BP-ն կանցկացնի գնահատում, որը որոշակի ժամանակ կպահանջի։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։

Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել։

Leave a Comment