Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի. Հայտնի է, ով է ղեկավարելու

Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի. Հայտնի է, ով է ղեկավարելու

6 դեկտեմբերի 2025 – 10:29 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ ստեղծելու նախագիծը։

Առաջարկվում է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սամվել Խարազյանին։ Վերջինս ներկայում զբաղեցնում է նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ նա աշխատել է նաև առողջապահության նախարարի խորհրդականի դիրքում, հայտնում է Factor.am-ը։

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծը՝ նրա հետ մեկտեղ փոփոխություններ նախատեսելով երկու տասնյակից ավելի օրենքներում։ Օրինագծի օգտին քվեարկել է 68 պատգամավոր, դեմ՝ 2-ը, իսկ ձեռնպահ է մնացել 26-ը։

Նախագծով նախատեսվում է փուլային ներդրմամբ գործարկել համընդհանուր ապահովագրական համակարգ, որի նպատակը բոլոր քաղաքացիների առողջության առաջնային կարիքների ապահովումն է։ Համակարգը համընդհանուր բնույթ է կրում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Սակայն այն ամբողջությամբ չի ծածկելու յուրաքանչյուր անձի բոլոր առողջապահական կարիքները։ Հիմնական նպատակն է՝ նվազեցնել հիվանդությունների և մահացության բեռ հանդիսացող խնդիրների ազդեցությունը՝ ապահովելով լավագույն բուժօգնության արդյունքները։

Ավելի վաղ, Ազգային ժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ներկայացրել է օրենսդրական փաթեթի կարգավորման շրջանակը։

Ծրագրվում է համակարգը գործարկել երեք փուլով։ Առաջին փուլը սկսվելու է 2026 թվականին, երբ ապահովագրությամբ կընդգրկվեն երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկանում հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր անապահովության համակարգում 28 և ավելի միավոր ունեն։ Նրանց ապահովագրավճարը ամբողջությամբ հատկացվելու է պետական բյուջեից։

Երկրորդ խումբը կազմելու են այն քաղաքացիները, ովքեր ստանում են 200,000 դրամից բարձր աշխատավարձ կամ եկամուտ։ 200,000-ից 500,000 դրամ ստացողները տարեկան վճարելու են 129.600 դրամ, ինչը ամսական կազմում է 10,800 դրամ։ Վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։ Այս խմբի քաղաքացիներն այժմ «Զինապահ» հիմնադրամին կատարում են 5500 դրամ վճարում, սակայն նախատեսվում է, որ այսուհետ նրանք այնտեղ կվճարեն միայն 1000 դրամ, իսկ մնացած 4500 դրամը կփոխառվի առողջության ապահովագրությանը։ Բացի այդ, սոցիալական կրեդիտների շրջանակում նրանք կկարողանան մինչև 6000 դրամի վերադարձ ստանալ։

Նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս տարում նշված խմբերի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի դրվի։ Ինչ վերաբերում է 500,000-ից 1,000,000 դրամ աշխատավարձ ստացողներին, ապա նրանք կշարունակեն «Զինապահ» հիմնադրամին վճարել 1000 դրամ, իսկ 7,500 դրամը կուղղեն առողջության ապահովագրությանը։ Այս խմբի ներկայացուցիչները կստանան ամսական մինչև 4000 դրամի սոցիալական վերադարձ։

Մեկ միլիոն դրամից ավելի եկամուտ ունեցողները շարունակելու են վճարել «Զինապահ» հիմնադրամին 15,000 դրամ՝ սոցիալական կրեդիտի շրջանակում ստանալով միայն 4000 դրամ վերադարձ։

«Մեր ապահովագրական փաթեթի արժեքը՝ ապահովագրավճարը, ըստ էության, ֆիքսված է և նույնական բոլոր քաղաքացիների համար: Ամեն մարդ վճարում է իր ապահովագրության եւ կոնկրետ փաթեթի համար: Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների և բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, Կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

2028 թվականի հունվարի 1-ից կսկսվի համակարգի վերջնական փուլը, իսկ 2029 թվականին ակնկալվում է, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը կունենա համընդհանուր առողջության ապահովագրություն։

«Մեր հանձնառությունն է՝ այս համակարգի շնորհիվ վեր հանել խնդիրները, լուծել և ապահովել մեր քաղաքացիներին առողջության իրավունքով»,- արձանագրել է նախարարն ու պարզաբանել համակարգի ընձեռած հնարավորությունները, մանրամասնել տարբեր խմբերի շահառուների համար առաջարկվող ծառայությունների շրջանակը:

Ըստ ներկայացված տվյալների՝ մինչև 18 տարեկան երեխաները կազմում է մոտ 700,000 մարդ։ Նրանք ներկայումս ևս օգտվում են պետպատվերի շրջանակում տրամադրվող ծառայություններից։ 2019 թվականից երեխաները ներգրավված են պետական պատվերի համակարգում։ Հետագա տարիներին այդ շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նոր ծառայություններ։

65 տարեկանից բարձր անձանց թիվն անցնում է 400,000-ը։ Այս խումբն իրավունք կունենա ստանալու անհրաժեշտ բժշկական օգնություն՝ համակարգի միջոցով ծախսերը մեղմելու նպատակով։ Վկայակոչվել է, որ ծառայությունների ցանկը լինելու է լայն, իսկ փոխհատուցման չափերը որոշելու է պետությունը։

Leave a Comment