Նողկալի է անօրենների ոտնձգությունը Շիրակի թեմի Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ․ արքեպիսկոպոսները՝ ՔԿՀ-ից

Նողկալի է անօրենների ոտնձգությունը Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ՔԿՀ-ից հայտարարել են արքեպիսկոպոսներ Արշակ Խաչատրյանը, Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը։

Նրանք դատապարտել են առաջնորդանիստ եկեղեցում պատարագ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը։ Արքեպիսկոպոսները նշել են, որ այդ քայլով փորձում են պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:

«Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև: Կրկնում ենք՝ վախեցե՛ք Աստծո պատժից՝ Սբ Յոթվիրաց պատկերի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նրանք շեշտել են, որ այդպիսի քայլի չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թվականններին:
Արքեպիսկոպոսները նաև հորդորել են քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել «ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են»:

Leave a Comment