Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը Հայաստանի ազգային հավաքականում մրցելույթների երկու տարվա դադարից հետո տպավորիչ հաղթանակով տոնեց վերադարձը:
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 67 կգ քաշայինների պայքարում Բաչկովը մենամարտեց Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ եւ հաղթեց տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում:
Առաջին ռաունդում Հայաստանի առաջատար բռնցքամարտիկը պաշտպանողական բռնցքամարտ էր վարում՝ հնարավորություն տալով մրցակցին գրոհների գնալ, որոնք, սակայն, նպատակին չէին հասնում: Բաչկովի հակագրոհներն ավելի դիպուկ էին ստացվում: Առաջին ռաունդում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Բաչկովին:
Երկրորդ ռաունդում Բաչկովը մենամարտը վերցրեց իր ձեռքը եւ գրոհներով, հարվածաշարերով ճնշում գործադրեց մրցակցի վրա: Երկրորդ ռաունդի մեկնարկից մեկ րոպե անց գյումրեցի բռնցքամարտիկը նոկդաունի ենթարկեց մրցակցին, ռինգի մրցավարը հաշիվ բացեց, ապա թույլ տվեց շարունակել մենամարտը:
Որոշ ժամանակ անց Բաչկովը երկրորդ անգամ նոկդաունի ենթարկեց, մրցակիցը ճոճեց: Մրցավարը հաշիվ բացեց եւ կանգնեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Հովհաննես Բաչկովին:
Նախորդ անգամ Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի մասնակցել էր 2023 թ. մայիսին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել էր իր 4-րդ բրոնզե մեդալը: