🎥 Հաշտեցնել հային և ադրբեջանցուն ու արժանանալ ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ պարգևատրվել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակով։

Մրցանակի հանձնման արարողությունն ուղեկցվել է ուշագրավ  տեսաշարով։ Մեծ էկրաններին ցուցադրվել են կադրեր, որոնք պատմում էին Թրամփի՝ որպես միջնորդի դերակատարման մասին։ Տեսանյութում ներկայացված էր, թե ինչպես է նա կարգավորում հարաբերությունները թշնամի պետությունների միջև։ Հատկանշական է, որ ցուցադրված կադրերում շեշտադրվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դրվագը՝ որպես տարածաշրջանային խաղաղության հաստատման վառ օրինակ։

Պարգևը սահմանվել էր 2025 թվականի նոյեմբերին, և Թրամփը դարձավ դրա պատմության առաջին դափնեկիրը։
​2026 թվականի աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։ Մրցաշարն առանձնահատուկ է լինելու նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է 48 ազգային հավաքական։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի մունդիալի եզրափակչում արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով առավելության հասան Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով)։ 

Leave a Comment