Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում:
«Ժամանակն է, ի վերջո, որ մենք արձանագրենք և առերեսվենք աղքատության պատճառների հետ: Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա միայն աղքատություն: 2018 թվականից էլ որդեգրել ենք ռազմավարություն, որ աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը, միաժամանակ, նշել է, որ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0,6 տոկոս է, և նրա գնահատմամբ՝ ՀՀ կառավարությունը «շատ մոտ է ծայրահեղ աղքատությունը վերացնելու նախընտրական խոստումի իրականացմանը»:
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, և ըստ նրանց՝ ո՞րն է աղքատության իրական պատճառը։
Հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ չի կիսում վարչապետի տեսակետը, և աղքատությունն այլ պատճառներ ունի Հայաստանում։
«Այդքան էլ համաձայն չեմ։ Աշխատողի համար աշխատատեղեր կան, բայց աղքատության պատճառը օրեցօր թանկացումներն են, գումարը քիչ է»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից էլ վրդովվել է՝ լսելով վարչապետի անունը. «Մի խոսեք իր մասին, ինձ վիրավիրում եք»։
«Զարմանալի է։ Բոլորն էլ համապատասխան աշխատանքի դեպքում ունեն հմտություն, բայց ցածր վարձատրության դեպքում ի՞նչ հմտության մասին է խոսքը։ Ինքն այդքա՞ն հմուտ է։ Ես իրեն հարգում եմ, բայց մեկ-մեկ անհեթեթություն է ասում», – ասել է նա:
Որոշ քաղաքացիներ պատասխանել են, որ Հայաստանում կան հմուտ մասնագետներ, սակայն բավարար չափով չեն վարձատրվում, իսկ աղքատության պատճառը կառավարության քայլերն են։
«Իրենք են ստեղծել այն, որ մարդիկ հմտություն չունենան, իսկ աղքատության պատճառն իրենց ոչ ճիշտ ղեկավարումն է»,- նշել է անցորդներից մեկը։
Այլ քաղաքացի էլ շեշտել է, որ չի ցանկանում մեկնաբանել Փաշինյանին. «Իրենից մի խոսեք, ինձ վիրավորում եք»։
Հարցման մասնակից մի կին ընդգծել է, որ աղքատությունն ամբողջ աշխարհում է, մեկ էլ այլ քաղաքացի՝ պատասխանել, որ «ինչ-որ չափով համաձայն է Փաշինյանի հետ, բայց աշխատատեղեր չկան»։
Որոշ մասնակիցներ պատասխանել են, որ Հայաստանում աշխատանք շատ կա, խանութների վրա փակցված են մի շարք հայտարարություններ, որ աշխատակիցներ են փնտրում, բայց աշխատողներ չկան։ «Մարդկանց այնքան են դեգրադացրել 30 տարի, որ հիմա ամեն ինչի պակաս էլ կա»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
