Բոլորը շատ փող ունեն. Սլոտը բացատրել է, թե ինչու է Լիվերպուլի գործը բարդացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար մղվող թեժ պայքարը։

Այս պահին հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու գոտում են «Արսենալը» (33 միավոր), «Մանչեսթեր Սիթին» (28 միավոր), «Ասթոն Վիլան» (27 միավոր) և «Չելսին» (24 միավոր):

«Լիվերպուլը», որը 14 տուրից հետո վաստակել է 22 միավոր, մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է։ Նույնքան միավոր ունեն նաև «Բրայթոնը» (7-րդ տեղ) և «Մանչեսթեր Յունայթեդը» (8-րդ տեղ):

«Ինձ համար սա վկայում է այն մասին, թե որքան լավն է Պրեմիեր լիգան այս մրցաշրջանում․ այն տարեցտարի ավելի է լավանում։ Հասկանալի պատճառներով, չէ՞ որ բոլորը շատ փող ունեն։ Մեր գլխավոր նպատակը լավագույն քառյակ վերադառնալն է, քանի որ գոհ չենք մեր ներկայիս դիրքից»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին, «Լիվերպուլը» կմրցի «Լիդս Յունայթեդի» հետ։ «Լիդսը» ԱՊԼ-ի աղյուսակի 14-րդ տեղում է, սակայն չորեքշաբթի նրանց հաջողվել էր 3:1 հաշվով հաղթել «Չելսիին»:

Leave a Comment