Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհեղեղներից զոհվածների թիվը գերազանցել է 1500-ը

Շրի Լանկայում բնական աղետի հետևանքով առաջացած նյութական վնասը, նախնական գնահատականներով, կազմում է 6 միլիարդ եվրո

Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհեղեղներից զոհվածների թիվը գերազանցել է 1500-ը


ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհեղեղներից մահացածների թիվը գերազանցել է 1500-ը։ Այս մասին հայտնում է BILD-ը։


Այս տարի Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրները տուժել են երկու հզոր արևադարձային փոթորիկներից և ավերիչ մուսսոնային անձրևներից։ Արդյունքում տարածաշրջանում գրանցվել են ռեկորդային տեղումներ։


Ավերիչ տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Ջրհեղեղներն ու սողանքներն ավերել են կամուրջներն ու ճանապարհները, խախտել կապի միջոցները, որի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից։ «Mercy Corps» մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ տարածաշրջանից ստացվում են «չափազանց տագնապալի» հաղորդագրություններ ջրի և սննդի պակասի մասին։


Ինդոնեզիայի խոշորագույն բնապահպանական կազմակերպությունը՝ WALHI-ն, հայտարարել է, որ երկար տարիների ընթացքում իրականացված անտառահատումները ոչնչացրել են բնական պաշտպանական մեխանիզմները, որոնք նախկինում պահում էին անձրևաջրերը և ամրացնում հողը.


«Աղետը ոչ միայն բնական տարերքի արդյունք էր, այլև սրվել է տասնամյակների անտառահատման հետևանքով», — ասել է կազմակերպության ակտիվիստ Ռիանդա Պուրբան։


Շրի Լանկայում բնական աղետի հետևանքով նյութական վնասը, նախնական գնահատականներով, կազմում է 6 միլիարդ եվրո։ Հազարավոր մարդիկ տառապում են սննդի և մաքուր ջրի սուր պակասից, իսկ ավելի քան 60 000 մարդ ստիպված է եղել ապաստան փնտրել պետական ժամանակավոր տեղակայման կետերում։


Leave a Comment