Ձերբակալվել և ազատ է արձակվել Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը․ ԶԼՄ

Գյումրիում ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ակցիայի գործով ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը ձերբակալվել են, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Թերթին ՔԿ-ից հայտնել են, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է։

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանն ավելի ուշ հայտնել է, որ Առաքելյանն ազատ է արձակվել։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

Ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին նաև փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի գրասենյակի համակարգող Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նոյեմբերի 18-ին դատարանը վերացրել էր Մխիթարյանի կալանքը։

Leave a Comment