Իջևանի գինու գործարանն իր գինիներից մեկին տվել է Սարգոն անունը։ Բայց ո՞վ է եղել այդ թագավորը, ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ, և արդյոք ճի՞շտ է հայկական գինին նրա անվամբ կոչելը։
Իջևանի գինու և կոնյակի գործարանն իր ֆեյսբուքյան հարթակում տարիներ առաջ գրել էր. « Սարգոն 2-րդ Ասորեստանի թագավորը (մթա. 772-705 թթ.) բարձր է գնահատել Վանի խաղողը և նրանից ստացված գինին։ Հիանալով հայ գինեգործների վարպետությամբ, նա Ասորեստան է տարել ինչպես մեր խաղողատեսակները, այնպես էլ գինեգործներին, խթանելով Ասորեստանում գինեգործությունը»։
Բայց ըստ մի շարք պատմական աղբյուրների՝ Սարգոն թագավորը իր եղբորը ՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց է արել և գահ բարձրացել, սկսելով արշավական քաղաքականությունը։
Նա արշավել է նաև Ուրարտու (պատմական Հայաստանի տարածք) և թալանել ու ավերել այն։
Պատմաբան Տիգրան Գևորգյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր համար այն հանգամանքը, որ հայկական գինու վրա Սարգոն 2-րդի անունն է ճիշտ չէ.
«Օրինակ՝ գիտենք, որ Մուստաֆա Քեմալը խմել շատ է սիրել։ Թե ինչ՝ հայտնի չէ։ Բայց եկեք՝ խմիչք արտադրենք անունը՝ Մուստաֆա։
Կա փաստ, որ մի ուրիշ Սարգոն է եղել, որ մրգատեսակներ է տարել, բայց ինքը Սարգոն 2-րդի ու Ասորեստանի հետ կապ չունի։ Իսկ Սարգոն 2-րդը միայն թալանի ժամանակ կարող էր գողանալ հայկական գինիները»։
Իջևանի գինու ու կոնյակի գործարանն Oragir.News-ի հետ զրույցում իր բացատությունն է ներկայացնում. «Թշնամու անունը օգտագործելով, վերականգնում ենք խաղողի այգիները։ Էդ գինու վաճառքով մենք ստեղծում ենք նոր այգիներ շատացնում ենք ու բացում նոր աշխատատեղեր»։
Իսկ այն հարցին, թե նույն վաճառքը չէ՞ր կարելի անել այլ անվան ներքո, նրանք ասացին, որ անվան ընտրությունը նոր չէ ու փոփոխություններ չեն սպասվում։
«Այս գինին նոր չէ և բավականին մեծ տարածում ունի նաև արտերկրում։ Մենք օգտագործելով Ասորեստանի թագավորի անունը վերականգնում ենք կորսվածը։ Եվ ասորական համայնքը ամենամեծ գնորդներից է»,- ասացին գործարանից։
Եթե թագավորը սիրել է մեր գինին, բայց միաժամանակ ավերել է մեր երկիրը, այդ սիրո՞վ ենք հիշում նրան, թե ավերածություններով։
Այդ տրամաբանությամբ Թուրքիայի առաջնորդները շատ ու շատ են սիրել մեր տոլման ու տարել են իրենց երկիր, արդյո՞ք մենք տարիներ անց, մեր տոլման կվերանվանենք Թուրքիայի առաջնորդների պատվին, շատ վաճառք ունենանք, որ շենացնենք մեր երկիրը։
Ավելի վաղ Oragir.News-ն անդրադարձել էր նաև ՄԱՊ ընկերության կողմից արտադրվող հայկական ամենաթանկ կոնյակի անվանը՝ «Ստալին», որը սպառվում է «Զվարթնոց» օդանավակայանի Դյութի ֆրի խանութներում։ Հիշեցնենք, որ Ստալինը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել։ Ստալինյան բռնաճնշումները դատապարտել են աշխարհի գրեթե բոլոր երկրները։