Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող մեղադրանքի մասին:
Խոսքը, ըստ իրավապահների, 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի մասին է` անհայտ անձի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ:
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ պարզվել է, որ Ս.Խ.-ն (Արշակ սրբազանի աշխարհիկ անունը՝ Սամվել Խաչատրյան-խմբ.) նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Կոմիտեն պնդում է, որ դա իրականացվել է հետևյալ եղանակով՝ Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ դիվանատան ընդունարանում ապօրինի իրացնելով թմրամիջոց։
Կոմիտեն շարունակում է, որ այս ամենից հետո Ս.Խ.-ի հրահանգով Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանան»:
Երեկ՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, միջնորդություն է ներկայացվել դատախազին Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել (հետևյալ հոդվածներով՝ իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ` նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը շահադիտական դրդումներով, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում):
Դատախազը բավարարել է այդ միջնորդությունը: Արշակ սրբազանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել 2 ամսով:
Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ թմրամիջոցի վերաբերյալ մեղադրանքն անհեթեթ էր անվանել: Բաբայանը կալանքի որոշումից առաջ լրագրողներին տեղեկացրել էր, որ բողոքարկելու են որոշումը։ Փաստաբանը նաև ընդգծել էր, որ բացակայում են նրան վերագրվող ենթադրյալ հանցանքի՝ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրանյութ դնելու մասին փաստական տվյալները։
