Արարատ Միրզոյանը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է խաղաղության օրակարգը

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, հայտնել է ԱԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը, ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցերի։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment