5 դեկտեմբերի 2025 – 17:19 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել է տեղական կազմակերպությունների հետ «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի մեկնարկի մասին, որn այս անգամ ուղղված է Սյունիքի մարզում գտնվող Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը։
Հիմնադրամը տեղեկացրել է, որ այս տարի ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում:
«Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքy սկիզբ է առնում 2280 մետրից: Ներկայումս, այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից: Աջակցի՛ր Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Օգնի՛ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները՝ այսօ՛ր, ո՛չ թե վաղը»,-ասված է տեսաֆիլմերի ուղերձում, որը հատկապես երիտասարդ սերնդի հայրենակիցների շրջանում մեծ աջակցություն է ստացել:
Այս ուղերձին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ և իրենց նվիրաբերությունն են կատարել:
Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:
Արշավի շրջանակում նոյեմբերի վերջին ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է բանկային համակարգի և խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ, որի ժամանակ ներկայացվել են հիմնադրամի ծրագրերը և հաշվետվությունները։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորությանն անդրադարձել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Հանրային հեռուստաընկերությունը լայն աջակցություն է ցուցաբերել արշավի հանրայնացման գործընթացին, իսկ «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերությունն իրականացրել է տեսաֆիլմերի մշակման և կոնցեպտի ձևավորման աշխատանքները։
Հիմնադրամը հիշեցնում է, որ անկախությունից ի վեր միավորել է ավելի քան 1.5 միլիոն հայերի՝ իրականացնելով 1500-ից ավել ծրագիր՝ մոտ 500 միլիոն դոլար ընդհանուր ներդրմամբ։ 2024 թվականից հիմնադրամը անցում է կատարել ծրագրային դրամահավաքների մոդելին՝ առավել արդյունավետ, թափանցիկ և հաշվետու աշխատանք ապահովելու նպատակով։
Այս տարվա դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս, և դրա արդյունքները կներկայացվեն ամփոփիչ հաշվետվությամբ։