Մամիջանյան․ Կոռեկտ չէր հրապարակել Սարգսյանի նամակը` առանց նրա համաձայնության

Մամիջանյան․ Կոռեկտ չէր հրապարակել Սարգսյանի նամակը` առանց նրա համաձայնության

5 դեկտեմբերի 2025 – 15:52 AMT

PanARMENIAN.Net – «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի հրապարակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կոռեկտ չէր` առանց ստանալու մյուս կողմի համաձայնությունը։

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին հանրայնացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Կազանի 2011-ի փաստաթուղթը, միջնորդների 2019 թվականի առաջարկները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի նամակը։

Մամիջանյանը նշել է, որ, այնուամենայնիվ, հրապարակային հնարավոր է տեսնել, թե որն է եղել Սարգսյանի նամակի պատասխանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Օրինակ կարող են նշել հաստատված վարկի ու սպառազինության ձեռքբերման մասին, հետագա փաստաթղթերում ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին իր բոլոր երաշխիքներով, հանրաքվեի մասին, որը թեև որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել, թե Ադրբեջանի ամբողջ տարածքում էր լինելու, սակայն այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում, Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, ինչ էր լինելու արդյունքը»,–ասել է նա։

Նրա խոսքով` եթե Ադրբեջանը երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայնվեր գնալ դրան, ապա Լաչինն ու Քելբաջարը հավերժ կմնային հայկական։

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, երբ Փաշինյանի դավաճանության հետևանքով ոտք դրեց այդ տարածքներ, եթե բանակցային գործընթացը գնար այնպես, ինչպես գնում էր, ապա այս տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Այ դա էր այդ նամակի պատասխանը։ Նամակի պատասխանն էր նաև այն, թե ինչ երաշխիքներ էր ստանալու Արցախը, նաև այն էր պատասխանը, որ երեկ ՌԴ կողմից տրվեց, երբ ասվեց, որ Փաշինյանն է բանակցային գործընթացը կանգնեցրել»,–ասել է նա։

Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկին՝ նշելով, որ այդ ժամանակ Փաշինյանն արել է մի շարք քայլեր, որոնք հանգեցրել են բանակցային գործընթացի կասեցմանը։

Մասնավորապես հիշեցրել է նրա հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որը, ըստ Մամիջանյանի, լուրջ խոչընդոտ է դարձել բանակցությունների համար, մինչդեռ այդ ժամանակ շրջանառվող փաստաթուղթը, նրա կարծիքով, բավականին աշխատունակ և արդյունավետ էր։

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1992 թվականին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահությամբ, դադարեցրել է իր գործունեությունը։

2025 թվականի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող որոշմամբ ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացն ու դրան առնչվող կառույցները՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա։

Վաշինգտոնում 2024 թվականի օգոստոսի 8-ին երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասն է նաև Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը։

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՄԽ-ի և նրա կառույցների լուծարման մասին որոշում, միաժամանակ անվավեր ճանաչելով այդ խմբի կողմից նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին հայ-ադրբեջանական հակամարտությանը։

Leave a Comment