5 դեկտեմբերի 2025 – 16:16 AMT
PanARMENIAN.Net – Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը, հայտարարել է, որ իշխանությունները սեփական հանցանքները քողարկելու նպատակով փորձում են ուրիշներին մեղավոր ներկայացնել։
Նա նշել է, որ «սրբազանների վրա աբսուրդային հոդվածներ են կարում», հայտնում է Aysor.am-ը։
«Ավազակները դիմացինին շտապում են ավազակ կարգել՝ փորձելով դրանով մեղմել իրենց հանցագործությունների չափը կամ իրենց մեղքի բաժինը։ Սակայն այդ հանցագործները տարբեր մեղքերի համար տարբեր մարդկանց են կարգում մեղավոր։ Օրինակ՝ Արցախի հանձնման համար մեղավոր է Արցախի ժողովուրդը, հայ զինվորը, ՀՀ-ում խնդիրների համար մեղավոր են սրբազաններն ու հոգևորականները։
Սակայն իշխանությունները, լինելով բոլոր աղետների միակ պատասխանատուն, կարողանում են այսօր մեր հասարակությանը ճնշել ու մեղավորներ կարգել։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մենք կարող ենք պատկերացնել, իսկ իրենք, բնականաբար, ավելի բարդ մեխանիզմներով փորձելու են այս ամեն ինչը խճճել։ Սրբազաններին դատում են, դուք տեսեք թե բոլորի վրա ինչ աբսուրդային հոդվածներ են կարում»,–ասել է նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է։ Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4–ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։Փաստաբանի խոսքով՝ Արշակ սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։