Խայտառակ բան տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ում։ Հայաստանը փոքրոգություն ցուցաբերեց, ժողովրդավար երկրին անվայել վարք դրսևորեց։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 3-ին բանաձև է ընդունել, որով Ռուսաստանից պահանջում է անհապաղ, անվտանգ և անվերապահ վերադարձնել բոլոր ուկրաինացի երեխաներին, որոնք բռնի դուրս են բերվել կամ տեղահանվել են օկուպացրած տարածքներից։ Բանաձևով պահանջվում է՝ դադարեցնել ուկրաինացի երեխաներին ստիպողաբար տեղահանելու, ծնողներից և օրինական խնամակալներից բաժանելու և նրանց կարգավիճակը՝ այդ թվում քաղաքացիությունը փոխելու, որդեգրելու գործելակերպը, անչափահասների գաղափարական մշակումը:
Ժողովրդավար երկրները կողմ են քվեարկել ՄԱԿ-ի բանաձին, իսկ Հայաստանը՝ ձեռնպահ։ Ինչո՞ւ ՀՀ-ն ժողովրդավար երկրներին համահունչ չի քվեարկել։
Զարմանալին այն է, որ ՔՊ-ական պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի և ժողովրդավարական երկրների դիրքորոշումները, պատկերացումները ժողովրդավարության, միջազգային անվտանգության վերաբերյալ համահունչ են։ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ելույթում հայտարարում էր. «Եկեք շարունակենք կանգնած լինել ուս ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Կեցցե՛ ժողովրդավարությունը»։ Այս ելույթով Փաշինյանն ակնկալում էր, որ ժողովրդավար երկրները կաջակցեն հայ ժողովրդին ՀՀ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության հարցում՝ ընդդեմ ռուս-ադրբեջանական կանխատեսելի ագրեսիայի։ Եվրոպացիներն էլ ծափ տվեցին, հավատալով, որ ՀՀ-ն դուրս է գալիս ռուսական ճամբարից, կանգնում ժողովրդավարության պաշտպանության դիրքում։
Լավատեսություն կար նաև ՀՀ քաղաքացիների շրջանում։ Մարդիկ կարծում էին, թե Փաշինյանը պարտություններ ու ազգային աղետներ պատճառելուց հետո դաս է քաղել, և կանգնելու է ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքում, Հայաստանն այլևս չի դարձնելու ռուս-թուրքական շահերի զոհ։
Բայց Փաշինյանը շարունակում է նույն արտաքին քաղաքական աղետալի կուրսը։ Ժողովրդավար երկրները մարդասիրական խիզախություն են ցուցաբերում, իսկ Հայաստանը փոքրոգություն է դրսևորում ու ձեռնպահ քվեարկում։
Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով 2-րդ աշխատաժողովին Փաշինյանն ասում էր՝ «Պետք է մեր մտածողության և գործողության ձևերով կարողանանք համահունչ լինել աշխարհի զարգացումներին»։ Իսկ ՄԱԿ-ի բանաձևի քվեարկության ժամանակ ՀՀ-ն ինչո՞ւ համահունչ չվարվեց աշխարհի զարգացումներին։
Օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ ՔՊ-ն կողմ քվեարկեց, ընդդիմությունը, որին ՔՊ-ն որակում է Կրեմլի ագենտ, ձեռնպահ։ Այս քվեարկությունից հետո ենթադրելի էր, որ ՀՀ-ն այսուհետ ԵՄ-ին համահունչ վարք է դրսևորելու։ Բայց մի քանի օր անց ապացուցվեց հակառակը։ ԵՄ երկրները կողմ քվեարկեցին ՄԱԿ-ի բանաձևին, Հայաստանը՝ ձեռնպահ։ Ժողովրդավար երկրները Հայաստանի մասին ի՞նչ կարծիք կկազմեն այս ձեռնպահից հետո։
Ի վերջո՝ բանաձևը վերաբերում էր երեխաներին, որոնք պատերազմական գործողությունների արդյունքում կտրվել են տնից, հարազատ միջավայրից, հայտնվել հակառակորդ երկրի տարածքում։ Ինչպե՞ս կարող էր պատերազմի սարսափներով անցած, Ալմա Աթիի 1991-ի հռչակագիրը ելակետ դարձրած, ժողովրդավարության դրոշ պարզած Հայաստանը ՄԱԿ-ի այս բանաձևին կողմ չքվեարկել։ Ինչպե՞ս է ՀՀ-ն ժողովրդավար աշխարհից ակնկալում աջակցություն, երբ համահունչ չի քվերակում մարդասիրության, բախտակից երկրի անկախության և երեխաների իրավունքների պաշտպանության բանաձևին։
Կարճ ասած՝ ՄԱԿ-ում դեկտեմբերի 3-ի ձեռնպահ քվեարկությունը ցույց տվեց, որ ՀՀ-ն դեռ կաշկանդված է ռուսական սպառնալիքներով, ազատ աշխարհի երկրների հետ ուս ուսի կանգնած չէ ժողովրդավարության պաշտպանության դիրքում, ժողովրդավար երկրների աջակությունն ընկալում է որպես ողորմություն, ոչ թե դաշնակցային հարաբերություն։
Թաթուլ Մկրտչյան