Ուկրաինայի դեսպանը և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Քաղաքականություն

05.12.2025 | 14:41

Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում միջազգային ջրերում նավարկող նավերի վրա հարձակումների հետ կապված, գրում է TRT Haber-ը։

Ուկրաինայի և Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչներին տեղեկացվել է հարձակումների վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունների մասին։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին նոյեմբերի 29-ին հայտարարություն էր տարածել Սև ծովում KAIROS և VIRAT նավերի վրա հարձակման վերաբերյալ՝ նշելով, որ «Սև ծովում երկրի բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած միջադեպերը լուրջ վտանգներ են ստեղծել տարածաշրջանում նավարկության, կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար»։

Անցյալ ուրբաթ Թուրքիայի Սև ծովի ափին պայթյուններ են տեղի ունեցել երկու դատարկ նավթատար նավերի վրա, որոնցից առնվազն մեկը գնում էր դեպի ռուսական նավահանգիստ: Ուկրաինական անվտանգության աղբյուրը Agence France-Presse գործակալությանը հայտնել էր, որ իրենց ուժերը ռազմածովային անօդաչու թռչող սարքեր են օգտագործել «գաղտնի ռուսական նավթ տեղափոխող» նավերին հարվածելու համար:

Երեքշաբթի Ռուսաստանից Վրաստան ուղևորվող երրորդ նավթատարը հարված էր ստացել։ Ռուսաստանը հայտարարել է, որ այն նույնպես հարվածվել է անօդաչու թռչող սարքի կողմից, սակայն այս անգամ Ուկրաինան հերքել է իր մասնակցությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment