Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ՀՀ ՊՆ

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Նշվում է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին:

Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ կցորդների նշանակման կարևորությունը՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը:

Օգոստոսի 26-ին Հայաստանն ու ՄԹ-ն համաձայնել էին հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին Երևանում անցկացրել են Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

 

 

Leave a Comment