5 դեկտեմբերի 2025 – 14:05 AMT
PanARMENIAN.Net – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը կգործուղվի Լոնդոն՝ մասնակցելուTRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Պայմանագիրը մշակվելու է «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ համագործակցությամբ։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին գործուղել՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով»,–ասվում է որոշման մեջ։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։