Նարեկ սրբազան․ Շիրակի թեմից ոչ մի քահանա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի պատարագ չի մատուցելու

Նարեկ սրբազան․ Շիրակի թեմից ոչ մի քահանա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի պատարագ չի մատուցելու

5 դեկտեմբերի 2025 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – ՀԱԵ Շիրակի թեմից ոչ մի քահանա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի՝ դեկտեմբերի 7–ին պատարագ չի մատուցելու։ Այդ մասին ասել է Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որը միաժամանակ ժամանակավորապես առաջնորդում է Շիրակի թեմը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո, հայտնում է Factor.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է պատարագի Գյումրիի Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում։

Նարեկ սրբազանն ասել է, որ տեղեկատվություն չկա այն մասին, թե ով է պատարագը մատուցելու։

«Ինձ ոչ մի բան չի ասվել։ Շիրակի թեմից էլ ոչ ոք չի պատարագելու։ Յոթ Վերքում պետք է պատարագեր Տեր Գառնիկը։ Իր առաջին պատարագն էր, բայց նա պատարագ կմատուցի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում»,-ասել է թեմի առաջնորդը։

Այսպիսով, ստացվում է, որ պատարագն անցկացվելու է այլ թեմից բերված հոգևորականի կողմից։

Նախորդ շաբաթ, այդ թվում՝ ԱԱԾ-ի ներգրավմամբ, իշխանությունները փորձել են կազմակերպել, որպեսզի Գյումրիի Տեր Ռուբեն քահանան պատարագ մատուցի՝ չհիշատակելով կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Քահանան սկզբում դեմ չի եղել պատարագի անցկացմանը, սակայն չի համաձայնվել հրաժարվել Գարեգին Բ-ին հիշատակելուց՝ մերժելով վարչապետի այդ ակնկալիքը։

Շիրակի թեմն ավելի վաղ հայտնել է, որ Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում պատարագ կմտաուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։

Դեկտեմբերի 4–ին Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չէր հերքել, որ ԱԱԾ ծառայողները հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ հորդորելով պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։ Նա հայտարարել է, որ մասնակցում է այն պատարագներին, որոնցում վեհափառի անունը չի հնչում։

Leave a Comment