Ալիևը կրկին առաջ է քաշել ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու պահանջը՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» տերմինը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի տարածքը կրկին անվանել է «Արևմտյան Ադրբեջան»՝ առաջ քաշելով ադրբեջանցիների վերադարձի հարցը: Նրա ուղերձը հնչել է Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ըստ նրա՝ վերադարձի իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ «հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»։

Ալիևը Հայաստանին մեղադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքում «ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ»։

Ալիևի այս հայտարարությունը հնչում է օկուպացված Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու՝ ադրբեջանցիների գործողությունների ֆոնին:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումը ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հունվարին այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հունիսին Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը նշանակում է Բաքվի տարածքային նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Բաքվից վերջին տարիներին բազմիցս հայտարարել են Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։ Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելուց։

Leave a Comment