10 հազար դոլար՝ ԱՄՆ վիզայի համար․ անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու․ ՎԻԴԵՈ

10 հազար դոլար՝ ԱՄՆ վիզայի համար․ անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ են ծավալել Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա և պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Ըստ նախնական տվյալների՝ մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ 


Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից և «Անգլերենի ուսուցման կենտրոնում» ուսանելու փաստաթուղթ։ Նաև պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի 10 հազար դոլար։ 


Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն՝ ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով։ Սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են, և կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։


«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անօրինական միգրացիա կազմակերպելու և կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են», – նշվում է հաղորդարության մեջ։ 


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Leave a Comment