5 դեկտեմբերի 2025 – 12:58 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին լինելու է Գյումրիում։ Նա սուրբ և անմահ պատարագի կմասնակցի Սուրբ Աստվածածին՝ Յոթ վերք եկեղեցում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի»,–գրել է նա։
Շիրակի թեմն ավելի վաղ հայտնել է, որ Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում պատարագ կմտաուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։
«Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը»։
Դեկտեմբերի 4–ին Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չէր հերքել, որ ԱԱԾ ծառայողները հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ հորդորելով պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։ Նա հայտարարել է, որ մասնակցում է այն պատարագներին, որոնցում վեհափառի անունը չի հնչում։