«Հանցագործները դիմացինին շտապում են հանցագործ կարգել՝ դրանով փորձելով մեղմել իրենց հանցագործությունների չափը կամ իրենց մեղքի բաժինը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նկարագրելով այսօր իշխանության կողմից կատարվող քայլերը, մասնավորապես եկեղեցու դեմ արշավը։
Նա նշեց, որ բոլորն էլ տեսնում են, թե ովքեր են իրական հանցագործները, որոնք տարբեր մեղքերի համար կարգում են մեղավորներ. օրինակ, Արցախի հանձնման համար մեղավոր է Արցախի ժողովուրդը, հայ զինվորը, Արցախի ղեկավարությունը, Հայաստանում խնդիրների համար մեղավոր են, ստացվում է, սրբազանները, հոգևորականները։
«Իրականում, այս իշխաությունը լինելով բոլոր աղետների միակ պատասխանատուն, կարողանում է այսօր մեր հասարակությանը ճնշել ու մեղավորներ կարգել»,- ասաց Հակոբյանը»։
Ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ այլ եպիսկոպոսների հետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Մ.Հակոբյանն ասաց. «Ես առիթ չեմ էլ փնտրել, մենք ընդհանրապես առթի չենք փնտրել հանդիպել նրան, որովհետև հենց այդ պահից Արցախի ժողովուրդը, առանց իրար հետ շփվելու, նույն որոշում էին կայացրել՝ այլևս այդ անձին չենք ընկալում, ընդունում որպես Արցախի թեմի առաջնորդ։
Ըստ էության, երևի թե օրինաչափ էր իր պահվածքի ավարտը, բայց մեզ համար այս ծայրահեղությունն անսպասելի էր»։