Կորցրել եմ որդուս, Արցախը, հիմա էլ կորցնում եմ իմ Եկեղեցին. Սա եկեղեցին մաքրել չի, սա պառակտել է. Աստղ Գալեյան


Ընդհանուր առմամբ, եթե մեկ բառով բնութագրեմ, քաոս է Հայաստանի Հանրապետությունում բոլոր առումներով, երևի աշխարհում չկա այսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։



«Այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Այն, ինչ կատարվում է, հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Ամեն դեպքում նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է։


Արդեն չորրորդ հոգևորականն է կալանավորվում, ու ցավոք սրտի պետք է նշեմ որ  այս դատավորը այսօր արդեն կալանքի որոշում կկայացնի։ Նրա որոշմամբ կալանքի տակ է նաև իմ ամուսինը»,–ասաց նա։



Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սա եկեղեցու դեմ արշավ չէ, այլ եկեղեցու նորոգմանն է ուղղված, նա ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանի միակ լավագույն բանը, որ այս յոթ տարիների մեջ արեց, դա բոլորի երեսը, իրական դեմքերը բացելն է։ Այն 8 հոգևորականները, որոնք հանդիպեցին իր հետ և այն մի քանիսը, որոնք պատարագ մատուցեցին և չնշեցին Վեհափառի անունը, իհարկե դրանց նմանները չպետք է լինեն եկեղեցում։


Իշխանությունը չպետք է խառնվի եկեղեցական հարցերին։ Ասում են՝ Վեհափառը զավակ ունի կամ չունի։ Ավելի լավ է մարդ, սերունդ, զավակ պարգևի, քան ուրիշի զավակներին տանի ու սպանի։ Իմ կարծիքով, իշխանությունը պետք է զբաղվի երկրի անվտանգությունով, ամեն ինչով բացի հոգևորականների կյանքին միջամտելուց։ Մնացած բոլոր հարցերը հոգևորականները իրենք իրենց ժողովներում, իրենց իրենց հարցերը կլուծեն։ Սա մաքրել չի, սա չգիտեմ, թշնամացնել է ավելի շատ մարդկանց, հոգևորականներին և ընդհանրապես ազգի մեջ մեկը մյուսին»։

Leave a Comment