«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
Թբիլիսիում հաշվառված, Երեւանում բնակվող, միջնակարգ կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, 1968թ․ ծնված Գեորգի Օմարի Տաբագարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Վրաստանի քաղաքացի, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու շուրջ նախնական համաձայնության գալով իր մտերիմ՝ Վրաստանի քաղաքացի, Տկիբուլի քաղաքում հաշվառված, Երեւանում բնակվող, միջնակարգ կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, 1972թ․ ծնված Սոսո Շաքրոյի Օբոլաձեի հետ, վերջինիս հետ 2025 թվականի ապրիլի 19-ին, ժամը 21:30-ի սահմաններում գտնվելով Տաշիր համայնքի Նորաշեն գյուղի բնակավայրի մոտ, շրջանցելով Լոռու մարզում տեղակայված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 2-րդ սահմանապահ պարետատան «Սարչապետ» սահմանապահ ուղեկալը, ապօրինի՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի եւ «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները դիտավորությամբ խախտելով, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հետիոտն մուտք գործելով սահմանային շերտ, փորձել են հատել ՀՀ սահմանը եւ մուտք գործել Վրաստան, սակայն նրանց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հայ-վրացական սահմանագծից շուրջ 650 մ հեռավորության վրա բռնվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից: Գ․ Տաբագարին եւ Ս․ Օբոլաձեն մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 44-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Պետական սահմանն ապօրինի հատելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):
Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախնական դատալսումների ժամանակ Ս․ Օբոլաձեն, Գ․ Տաբագարին եւ նրանց պաշտպանները ներկայացրել են արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Նրանք հայտնել են, որ իրենց համար պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն են դրա հետ, առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչում, միջնորդությունը ներկայացրել են կամավոր, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ, գիտակցում են արագացված վարույթ կիրառելու հետեւանքները եւ պնդում են ներկայացված միջնորդությունը:
Հանրային մեղադրողն արագացված վարույթ կիրառելու դեմ չի առարկել։ Դատարանը բավարարել է արագացված վարույթ կիրառելու մասին մեղադրյալների միջնորդությունը եւ նշանակել լրացուցիչ դատալսումներ: 2025թ․ օգոստոսի 15-ին Վանաձոր քաղաքում Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանը վճռել է Գեորգի Տաբագարիին եւ Սոսո Օբոլաձեին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել 2025թ․ ապրիլի 19-ից մինչեւ օգոստոսի 15-ն անազատության մեջ գտնվելու 3 ամիս 25 օրը եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 2 տարի 8 ամիս 5 օր ժամկետով, Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով, Գ․ Տաբագարիի եւ Ս․ Օբոլաձեի վրա փորձաշրջանի ընթացքում դնել հետեւյալ պարտականությունները՝ առանց դատապարտյալների վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը, Գ․ Տաբագարիի եւ Ս․ Օբոլաձեի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոփոխել եւ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը, մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, Գ․ Տաբագարիին եւ Ս․ Օբոլաձեին անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։ Մեղադրող Արտուշ Կարապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել նշված դատավճիռը․ Գ․ Տաբագարիի եւ Ս․ Օբոլաձեի նկատմամբ ՀՀ քրօր․ 44-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել եւ վերջիններիս նկատմամբ որպես պատիժ սահմանել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Այս գործով վերաքննիչ դատարանում վերջին նիստը կայացել է նոյեմբերի 3-ին։ Որոշում դեռ չկա։