5 դեկտեմբերի 2025 – 12:01 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։Սրբազանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով, հայտնում է Aysor.am-ը։
Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4–ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-ասել էին ՔԿ-ից։։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։
«Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը։ Այլ որոշում բացառվում է»,- նշել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Փաստաբանի խոսքով՝ Արշակ սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։
Ավելի վաղ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում ասել էր․ «Խոսքն այն մասին է, թե իբր սրբազանը 2018 թվականին Վեհափառի դեմ ակցիաներից մեկի ժամանակ հանձնարարել է ինչ-որ մեկին ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնել, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենաաբսուրդը սկսում է այստեղից։ Ապօրինի թմամիջոցների իրացման հոդվածը, որն արագ մեղսագրվեց, որևէ աղերս չունի այս նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Քննչականը հենց ինքն արդեն իսկ հերքում է այդ հոդվածը, քանի որ նպատակը եղել է ոչ թե թմրամիջոց իրացնելը, այլ թմրամիջոցն ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ անձի վարկաբեկելը»։