Ցինիկ բռնակալության հաստատման փորձ է․ Արթուր Խաչատրյանը՝ Արշակ սրբազանի կալանքի մասին

Հայաստանում միահեծան, անսահմանափակ, բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում՝ ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է․ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ։ Ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ «Ինչ կուզեմ, էդ էլ կանեմ»․ այս մոտեցմամբ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ սրբազանին փորձեցին վարկաբեկել, տեսան չի ստացվում, սրբազանը ամուր է, պինդ է, Վեհափառի թիկունքին է կանգնած, վեհափառն էլ նրա թիկունքին է կանգնած։ Եվ ահա ծնվում է մի խայտառակ, զավեշտալի մեղադրանք։ «Ջեբը պլան գցելը» դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, ոճ է»,-ասել է պատգամավորը։

Նա լիակատար աջակցություն է հայտնել Արշակ սրբազանին, Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանի, Մկրտիչ սրբազանին և «բոլոր խղճի բանտարկյալներին»։ «Նրանք այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար՝ Նիկոլ Փաշինյանի զնդաններում, փողոցներում հրապարակներում»,-եզրափակել է պատգամավորը։

Leave a Comment