5 դեկտեմբերի 2025 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նախատեսել է դեկտեմբերի 10-12-ին գումարել եպիսկոպոսաց ժողով՝ քննարկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքի առնչվող մի շարք հարցեր։
Դեկտեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում քննվել է «Սրբազան պայքարի» գործով հերթական դրվագը։ Բագրատ սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով փոփոխել կամ վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը՝ նշելով, որ նա հանդիսանում է արքեպիսկոպոս և լիարժեք իրավունք ունի մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին, հայտնում է «Հետքը»։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն արձագանքել է. «Այս հարցը կքննարկվի դեկտեմբերի 11-ին»։
Փաստաբանական թիմը, արձանագրելով, որ ժողովը սկսվում է արդեն դեկտեմբերի 10-ին, առաջարկել է դատական նիստն անցկացնել ավելի վաղ ժամկետում։ Դատավորը որոշում է կայացրել միջնորդությունը դիտարկել առանձին նիստում՝ այն նշանակելով դեկտեմբերի 9-ին, ժամը 15։30-ին։
Դատական նիստից հետո Բագրատ սրբազանը նշել է, որ որևէ սպասելիք չունի անցկացվելիք նիստից։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում: