5 դեկտեմբերի 2025 – 11:27 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ քայլերը։
Երկու նախարարներն ընդգծել են, որ համագործակցության օրակարգի հագեցած բնույթը և հարաբերությունների զարգացման տեմպերը վկայում են դրանց ռազմավարական մակարդակի մասին։
Քննարկվել են նաև հաջորդ տարվա մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքները։
Տարածաշրջանային գործընթացների համատեքստում նախարար Միրզոյանը իր գործընկերոջը ներկայացրել է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների վերագործարկման ուղղությամբ ընթացող քննարկումներն ու նոր ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։