5 դեկտեմբերի 2025 – 10:44 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է, որ սրբազանի դեմ վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։
«Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Տարբեր անձինք են կասկած հայտնել, ենթադրել են: Այս գործը քննվում է 2018 թվականից։ Գործով վերջին քննչական գործողությունն իրականացվել է այս տարվա հուլիսին, հարցաքննություն է եղել։ Գործով երեկ ստեղծվել է քննչական խումբ, ձերբակալվել է Արշակ Սրբազանը։ 7 տարի քննել, քննել են, այդպես էլ չեն հասկացել, թե ինչպես է թմրանյութը հայտնվել ուսապարկում։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։
Ավելի վաղ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում ասել էր․ «Խոսքն այն մասին է, թե իբր սրբազանը 2018 թվականին Վեհափառի դեմ ակցիաներից մեկի ժամանակ հանձնարարել է ինչ-որ մեկին ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնել, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենաաբսուրդը սկսում է այստեղից։ Ապօրինի թմամիջոցների իրացման հոդվածը, որն արագ մեղսագրվեց, որևէ աղերս չունի այս նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Քննչականը հենց ինքն արդեն իսկ հերքում է այդ հոդվածը, քանի որ նպատակը եղել է ոչ թե թմրամիջոց իրացնելը, այլ թմրամիջոցն ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ անձի վարկաբեկելը»,–ասել է նա։
Դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ ժամը 9։30-ին մեկնարկած նիստում քննվելու է Արշակ Սրբազանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Քննչական կոմիտեն հայտնել է. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»։