Եվրոպացի առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցներում փորձում են համոզել նրան, որ չպետք է համաձայնել Ռուսաստանի պահանջներին՝ առանց ԱՄՆ-ի կողմից անվտանգության ապահովման ամուր պարտավորությունների, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Երկու եվրոպացի դիվանագետների խոսքով, որոնք ծանոթ են քննարկումների ընթացքին, եվրոպացի առաջնորդներն իրենց ուկրաինացի գործընկերներին խորհուրդ են տվել ամրապնդել Ամերիկայի դերը Կիևի անվտանգության երաշխիքներում՝ նախքան Ռուսաստանի պահանջներն ընդունելը», – ասված է հրապարակման մեջ:
Դա հնչել է Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հեռախոսազրույցի ժամանակ։
Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Մակրոնն ասել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է հստակ ազդանշան հաղորդել՝ ԱՄՆ-ը պետք է ձևակերպի, թե ինչպես է պաշտպանելու Ուկրաինան, նախքան Կիևը կհամաձայնի գործարքի վերջնական պայմաններին:
Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել:
