Բաքվի դատավարությանը հայ գերիների պաշտպանները խնդրել են արդարացնել նրանց

Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները։

Նրանք իրենց խոսքում խնդրել են արդարացնել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ինչպես նաև Լևոն Բալայանին, Դավիթ Ալավերդյանին, Էրիկ Ղազարյանին, Մելիքսեթ Փաշայանին, Գարիկ Մարտիրոսյանին։

Պաշտպանները նշել են, որ նրանց վերագրվող մեղադրանքներում հանցակազմ չկա, չեն ներկայացվել բավարար ապացույցներ։ Շինծու դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։

Պաշտպանների ելույթներն սկսվել էին նոյեմբերի 27-ին։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար

Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:

Leave a Comment