Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները

Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: 

ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցում առավել կարևորություն ներկայացնող հարցերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգի բովանդակային հագեցվածությունը։ 

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը գոհունակությամբ նշել են օրերս ՀՀ-ԵՄ նոր՝ ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը՝ ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՀՀ մոտեցումները։

«Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող է վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment