4 դեկտեմբերի 2025 – 18:30 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էհանրային քրեական հետապնդում:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է 1lurer.am-ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է։
Նրա փաստաբան Արսեն Բաբայանն ասել է, որ ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի, հայտնում է Panorama.am-ը։
«Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի: Խնդրում եմ այս պահին մի զանգահարեք ինձ, ձերբակալման գործողության եմ: Ավելի ուշ կպարզաբանեմ»,-նշել է նա։
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Արշակ սրբազանն ասել էր, որ ԱԱԾ մի քանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնք առնչվել են իր քաղաքական դիրքորոշումներին։
Նա մասնավորապես ասել էր.«Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու»:
Արշակ սրբազանն ասուլիսում ասել էր․ «Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Այդ մասին մենք արտահայտվել ենք։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարում»։