4 դեկտեմբերի 2025 – 18:58 AMT
PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թ. մարտի 8-ը։ Նման որոշում է կայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Դատարանը թույլատրել է Սարգսյանին հանդիպել իր մերձավոր հարազատների՝ քույրերի, եղբոր և նրանց ընտանիքների անդամների հետ։ Մյուս անձանց հետ շփումն արգելված է, հայտնում է Sputnik Արմենիան։
Տնային կալանքի ընթացքում Սարգսյանը իրավունք չի ունենա նամակագրություն ունենալ, հեռախոսազրույցներ վարել կամ օգտվել հաղորդակցության այլ միջոցներից, այդ թվում՝ փոստային առաքանիքից։
Վերաքննիչ քրեական դատարանի սահմանած 20 միլիոն դրամ գրավը կմնա անփոփոխ։
Դեկտեմբերի 1-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Նա կալանավորվել էր հուլիսի 9-ից։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդներն ու անդամները մեղադրվում են Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու և իշխանությունը զավթելուն ուղղված ծրագրերի համար։