Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնում է, որ Լոնդոնը առաջին անգամ Հայաստանում նշանակել է մշտական ռազմական կցորդ։ Պաշտոնն ստանձնել է մայոր Թոմաս Շորլանդ Բոլլը։
Դեսպանատան հայտարարության մեջ այս որոշումը ներկայացվում է որպես պատմական քայլ, որը ցույց է տալիս Երևան–Լոնդոն հարաբերությունների հերթական մակարդակ բարձրացումը․
«Այս նշանակումը արտացոլում է Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև խորացող գործընկերությունը և նպաստում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը»։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Հայաստանը և Մեծ Բրիտանիան համաձայնել էին երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։