Օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրումը կթվայնացվի

Օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրումը կթվայնացվի

4 դեկտեմբերի 2025 – 16:26 AMT

PanARMENIAN.Net – Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է թվայնացնել օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրումը:

Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նախագիծը ներկայացրել է մի շարք առանցքային ուղղություններով, հայտնում է 1lurer.am-ը։

Նախագծով նախատեսվել է ներդնել թվային գործընթաց օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու համար, որի նպատակը միաժամանակ ոլորտի վարչարարության պարզեցումն ու արդյունավետության բարձրացումն է։ Հստակեցվել են կացության կարգավիճակների տեսակներն ու սահմանվել են համապատասխան ընթացակարգեր՝ այդ կարգավիճակները տրամադրելու համար։ Այս քայլերը միտված են լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ։

Հաշվի առնելով վերջին շրջանում աճող աշխատանքային միգրացիոն հոսքը դեպի Հայաստան և դրա կարգավորման հրամայականը, նախագիծը ներառել է նաև աշխատանքային վիզաների տրամադրմանն առնչվող դրույթներ։

Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հանգամանքը հիմք է նաև օտարերկրացուն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար, սակայն որոշ դեպքերում ՀՀ բացառիկ ծառայություններ մատուցած անձը չի կարողանում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ իր քաղաքացիության երկրի օրենսդրության սահմանափակումներով պայմանավորված (այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու արգելքով պայմանավորված):

Ի պատասխան այդ սահմանափակումների՝ մշտական կացության կարգավիճակ շնորհելու նման իրավական հիմքի ամրագրումը կընձեռի հնարավորություն բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացիներին օրինական հիմքով մնալ ու գործել Հայաստանում։

Նախագծով առաջարկվել է ստեղծել էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել պետության լիազորությունների առավել արդյունավետ իրականացում և ոլորտի կառավարելիության բարձրացում։ Սա նաև կթույլատրի վերահսկել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել կացության կարգավիճակ տրամադրելու համար։

Նախատեսվել է նաև սահմանել պետական տուրք օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար, ինչպես նաև վերանայել կացության կարգավիճակներին առնչվող արտոնությունները՝ ապահովելու համար պետական ծախսերի փոխհատուցում և բյուջեի եկամուտների ավելացում։

Արմեն Ղազարյանը հայտնել է, որ վերջին շրջանում վերանայվել են կացության կարգավիճակի դիմումների համար սահմանված պետական տուրքերը, որոնք երկար ժամանակ չեն փոփոխվել։

«Ըստ այդմ՝ ժամանակավոր կացության կարգավիճակի համար սահմանվել է 150 հազար դրամ պետական տուրք և մշտական կացության կարգավիճակի համար՝ 250 հազար դրամ պետական տուրք»,- ասել է նա:

Leave a Comment