4 դեկտեմբերի 2025 – 16:36 AMT
PanARMENIAN.Net – Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է, թե ինչ դրույթներ են ներառված եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019-ի հունիսին Հայաստանին ներկայացված առաջարկների մեջ։
Նա ասել է, որ ապացույցներ կբերի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողմ էր 2019-ի պլանին, հայտնում է Panorama.am-ը։
«Կարգավորման ամբողջ գործընթացը լինելու էր երկու էտապով։ Առաջին փուլում լինելու էին փոխհամաձանեցված քայլեր։ Ի՞նչ էին նախատեսում այդ քայլերը. Հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, բայց միայն այն բանից հետո երբ Արցախի, Քելբաջարի, Լաչինի երկայքնով, ինչպես նաև այդ շրջաններում տեղակայվում են միջազգային խաղարար ուժեր։ Այդ հինգ շրջաններ պետք է մտնեին բացառապես քաղաքացիական բնակչություն, չէր մտնելու ոչ բանակը, ոչ էլ ուժաին այլ կառույցներ։ Խաղարար ուժերի կազմը կորոշվեր Հայաստանի ու Ադրբեջանի կոնսենսունսով»,-թվարկել է Զուրաբյանը։
Նրա մեկնաբանմամբ՝ այդ առաջարկների հիմքում դրված է եղել տնտեսական շրջափակման վերացումը և հաղորդակցությունների բացումը։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու էր Հայաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։
«Ես չգիտեմ, թերությունը ո՞րն է այս պլանի մեջ։ Ո՞նց կարելի է ստանալ նման պլան, ընդ որում երկու անգամ՝ ապրիլին ու հունիսին, ու չընդրկվել այս բանակցությունների մեջ, որպեսզի ստանանք մեզ համար երանելի խաղաղությունը»,-ասել է Զուրաբյանը։
Զուրաբյանն ընդգծել է, որ մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել, թե ինչպես է արձագանքել 2019-ին ստացված այդ առաջարկին։
«Հարց է առաջանում, եթե եկել է 2019-ին նման փաստաթուղթ՝ խաղաղություն, ԼՂ դե ֆակտո անկախություն, դու պիտի վազեիր էս պլանին ընդառաջ։ Ի՞նչ ես պատասխանել։ Երեք տարբերակ ունեիր՝ կամ պետք է անմիջապես բռնվեիր դրանից ու գնայիր խաղաղության, ես ապացույցներ էլ կբերեմ, որ Ալիևը համաձայն էր դրան, կամ գոնե շարունակեիր բանակցել, երրորդ տարբերակը պատերազմի տարբերակն է, երբ ոչինչ չես պատասխանում, թքում ես միջազգային հանրության ճակատին։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ճակատին ես թքում, երբ արհամարհում ես։
Ռուբեն Ռուբինյանն ասում է, մենք գտնվում էինք գնահատման փուլում, Փաշինյանն էլ է նման մի բան ասում։ Որպեսզի հասկանաք ասածների աբսուրդը, ես ուզում եմ մի պարզ փաստ արձանագրել, Հայաստանը ստանում է այս առաջարկները 2019-ի ապրիլին ու հունիսին, բայց մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլում։ Այսինքն, քեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ դու պատասխան տաս»,-հարց է հնչեցրել Զուրաբյանը։
Նրա կարծիքով՝ վարչապետը փաստացի արձագանքել է այդ առաջարկին ոչ թե պաշտոնական ուղիներով, այլ հրապարակային հայտարարություններով։ Զուրաբյանը հիշեցրել է, որ առաջարկներից երկու ամիս անց Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, որտեղ հանրահավաքի ժամանակ արել է աղմկահարույց հայտարարություն։
«Չպատասխանելն ամենասրսափելի ընտրությունն էր»,-ասել է Զուրաբյանը։
Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։