4 դեկտեմբերի 2025 – 16:01 AMT
PanARMENIAN.Net – Կամավոր ատեստավորման համակարգում ընդգրկված ուսուցիչների խրախուսման նպատակով 2025 թվականին բյուջեով նախատեսված մոտ 8 միլիարդ 673 միլիոն դրամ գումարը կավելանա ևս 2 միլիարդ 160 միլիոն դրամով։ Այդպիսով՝ կամավոր ատեստավորմանը միացած ուսուցիչների խրախուսման ծրագիրը 2025-ին կհասնի ավելի քան 10 միլիարդ դրամի ֆինանսավորմանը։ Այդ մասին կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ։
Նախարարի խոսքով, 2018-ից սկսած ուսուցիչների ֆոնդն ընդհանուր առմամբ զգալի աճ է ունեցել, և միայն աշխատավարձերի ֆոնդը 2025-ի համար 37 միլիարդ դրամով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը՝ կազմելով 67 տոկոս աճ, հայտնում է 1lurer.am-ը։
«Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի: Իսկ 2026 թվականի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,– ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ ներկայում կրթական համակարգում արդեն կան ուսուցիչներ, որոնք ստանում են մինչև 700 հազար դրամ աշխատավարձ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Ատեստավորումը և դրա արդյունքները բերելու են լրացուցիչ տնտեսական զարգացման, ինչն էլ իր հետ բերելու է լրացուցիչ ֆինանսական հարկային եկամուտներ: Բացառված է, որ չլինի այդպես»։
Նա շեշտել է, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցումը բացառվում է, հայտնում է Radar Armenia-ն։
«Հետագա փուլերում ուսուցիչներն ատեստավորման միջոցով իրենց աշխատավարձն ավելացնելու հնարավորություն կունենան։ Մենք ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելու պլաններ չունենք, ուղղակի բացառում եմ դա»,– ասել է վարչապետը։