Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը: Այս մասին գրել է հանձնախմբի համակարգող, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը:
Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները, որոնցից ամենագլխավորը նրանց համախմբված վերադարձի իրավունքն է դեպի իրենց պատմական հայրենիքը։
Գրեթե երկու տարի անց հանձնախմբի առաքելությունը մնում է նույնքան անհրաժեշտ և խորապես արդիական։ Հանձնախումբն այժմ հրապարակել է հակիրճ հաշվետվություն, որտեղ ներկայացված են իր մանդատի գաղափարական հիմքերը, առ այսօր արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիվանագիտական նոր ներգրավման բացվող հնարավորությունները։
Չնայած ահռելի մարտահրավերներին, ներառյալ Հայաստանի ներկա ղեկավարության անտարբերությունը, հանձնախումբը հասել է շոշափելի արդյունքների՝ իրավական, քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին, այն կարողացել է պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջատիրությունն ու հավաքական վերադարձի իրավունքը։
Անցած երկու տարիների ընթացքում հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցները եղել են Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը (ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ՝ Հայաստանից և սփյուռքից։
Հանձնախմբի զեկույցը եզրակացնում է, որ Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր, արդեն, դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, ինստիտուցիոնալ մեխանիզմները գործում են, և ձևավորվել է հարթակ Հայաստանի նոր ազգային ղեկավարության համար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները առաջ մղելու հստակությամբ, օրինականությամբ և վճռականությամբ։ Հանձնախմբի երկամյա աշխատանքների մասին զեկույցն ամբողջությամբ՝ Վարդան Օսկանյանի ֆեսբուքյան էջում: