4 դեկտեմբերի 2025 – 15:27 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նոր օրենսդրական կարգավորմանն, ըստ որի՝ պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն դառնում է 18 ամիս, նշել է, որ ցանկացած բարեփոխում, որի նպատակն է բարելավել զինվորական ծառայության պայմանները, կարելի է համարել ընդունելի, եթե այն համապատասխանում է երկրի ներկայիս իրավիճակին և առկա մարտահրավերներին։
«Հայաստանի սահմանային պաշտպանությունը մոտ 100 կիլոմետրով ավելացել է։ Ղարաբաղի 283 կիլոմետրին ավելացել է Ադրբեջանի հետ սահմանը Զոդից մինչև Մեղրի, դրանից ելնելով՝ մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, և ՊՆ-ն պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում անի ու դրանից բխող հարցերով պետք է իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպի»,– նշել է Օհանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
https://www.pastinfo.am/hy/news/2025/12/04/%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%AB%D6%8000/1951924
Նրա խոսքով, այժմ Զինված ուժերում մարտական դիրքերում ծառայողներին նախևառաջ համալրում են զորահավաքային համակարգի ներկայացուցիչներ ու երկրապահներ, սակայն այս մոդելը բացասաբար է ազդում բանակի կարգապահության վրա։
«Խոսքը ոչ թե սահմանային պաշտպանության մասին է, այլ մարտական խնդրի կատարման, իսկ մարտական խնդիրը մեր երկրի առջև դրված խնդիրները ԶՈւ-ի կիրառման պլանի համաձայն իրականացնելն է։
Ինչ վերաբերում է ատեստավորմանը այն անհավասար պայմաններ է ստեղծում բանակում։ Հրամանատարը թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, հատկապես նրանք, որ գտնվում են սահմանին։ Խնդրի լուծումը բազային աշխատավարձի ավելացումն է»,– հավելել է Օհանյանը։
2026–ի հունվարի 1–ից պարտադիր զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի և զորակոչիկները 2 տարվա փոխարեն կծառայեն 1․5 տարի։