Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը


Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի ընտրության հարցը:


ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը:


Թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:


Վահե Մկրտչյանը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 4-ին մանկավարժի ընտանիքում: Սովորել է Լեռնագոգի միջնակարգ դպրոցում:


1995 թվականից մնչև 2000 թվականը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարման բաժնում:


2011-ին նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 


Մկրտչյանը 2021 թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը զբաղեցրել է Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետի պաշտոնը։


 


2022 թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թ. մայիսի 31-ը զբաղեցրել է «ՎիԷլՎի» ՍՊԸ-ի տնօրենի օգնականի պաշտոնը։


 


2013-ից մինչև 2018 թթ․ համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնում որպես ասիստենտ։


Ամուսնացած է, ունի 3 զավակ:


Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց իր տեսլականն ու  հանձնառությունը ԿԿՀ-ի աշխատանքի մասին, ընդգծեց՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության, սոցիալական արդարության և մեր պետության ապագայի հարց:


Նրա խոսքով՝ իր գործունեության առանցքը լինելու է կանխարգելման մշակույթի ամրապնդումը: Թեկնածուն կարևորել է թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների զարգացումը, յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույն հրապարակային և հասկանալի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների և ծախսերի գործընթացների որոշումների կայացումն ու ընթացակարգերը, ռիսկերի վերլուծությունը և վաղ արձագանքումը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում աշխատանքների բարելավումը:


Վահե Մկրտչյանի խոսքով՝ ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է, որ ազդարարները լինեն պաշտպանված, իսկ հաղորդումները ողջամիտ ժամկետում և անկողմնակալ քննարկվեն:


Թեկնածուն հայտարարեց՝ կողմ է Կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը:

Leave a Comment