Սկանդալ՝ Թուրքիայում. ուկրաինացի որբերն Անթալիայում բռնության են ենթարկվել – 5tv

Սկանդալ՝ Թուրքիայում. ուկրաինացի որբերն Անթալիայում ենթարկվել են բռնության. գործը փակվել է «ապացույցի բացակայությամբ»։

Թուրքիայի խորհրդարանում քննադատության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ հրապարակվել է զեկույց ուկրաինացի որբերի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ։ Անկախ պատգամավոր Մուստաֆա Եներօղլուն և «Լավ կուսակցության» (İyi parti) պատգամավոր Թուրհան Չեմեզը կառավարությունից պահանջում են բացատրել՝ ինչու 510 ուկրաինացի երեխա ամիսներ շարունակ մնացել է վերահսկողությունից դուրս, իսկ երկու 15–16 տարեկան աղջիկներ բռնաբարության հետևանքով հղիացել են ու վերադարձվել Ուկրաինա՝ առանց պաշտպանական մեխանիզմների։

Ստուգումը, որը 2024-ին անցկացվել է թուրք և ուկրաինացի պաշտոնյաների ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ, արձանագրել է, որ երեխաները պահվել են անմարդկային պայմաններում, ստացել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, ստիպված են եղել աշխատել և նկարվել «բարեգործական» տեսահոլովակների համար, պատժվել են սննդի սահմանափակմամբ և գաջեթների արգելքով, չեն ստացել հոգեբանական և սոցիալական աջակցություն։

Այս ամենին  ավելանում է ևս մեկ դետալ՝ երկու անչափահաս աղջիկներին բռնաբարել են հյուրանոցի աշխատակիցները, ինչի հետևանքով նրանք ծննդաբերել են արդեն Ուկրաինայում։ Հայտնի է նաև ինքնասպանության փորձի մասին։

Թուրքիայի Ընտանիքի նախարարությունը բողոք է ներկայացրել, սակայն գործը արագ փակվել է՝ «ապացույցների անբավարարության» պատճառաբանությամբ։ Նույն պատճառաբանությամբ 2025-ին դադարեցվել է նաև ուկրաինական կողմի հետաքննությունը։

Թուրքական կառավարությունը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ հսկողությունը իրականացրել են ուկրաինացի դաստիարակները, և Թուրքիան չի կրել անմիջական պատասխանատվություն։ Սակայն պատգամավոր Եներօղլուն շեշտում է՝ երկրի տարածքում գտնվող յուրաքանչյուր երեխայի անվտանգությունն ապահովելը պետության պարտականություն է, և պահանջում է նոր քննություն։

Leave a Comment