Այն իրականացվում է՝ հաշվի առնելով մսի, մսամթերքի սպառման ծավալները, ինչպես նաև անասնահամաճարակային իրավիճակը գնահատելու նպատակով, հայտնել է ՍԱՏՄ-ն
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ամանորին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսում ՀՀ բոլոր սպանդանոցներում։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
Նշվում է, որ այն իրականացվում է հաշվի առնելով մսի, մսամթերքի սպառման ծավալները, ինչպես նաև անասնահամաճարակային իրավիճակը գնահատելու նպատակով։
Կստուգվի, թե՝
– արդյո՞ք սպանդանոց բերված մթերատու կենդանիները ենթարկվում են նախասպանդային անասնաբուժասանիտարական զննման,
– արդյո՞ք իրականացնում է գործիքների, սարքավորումների և արտադրական հատուկ համազգեստի համապատասխան սանիտարական ախտահանում,
– արդյո՞ք աշխատակիցները ենթարկվել են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և ունեն սանիտարական գրքույկ,
-արդյո՞ք բոլոր տեսակների մթերատու կենդանիների մսեղիքի մաքրամշակման ընթացքում հեռացվում են կապտուկները, արյունազեղումները և աղտոտված հատվածները,
-արդյո՞ք սպանդից հետո մսեղիքը, թռչնի ներքին օրգանները և սպանդային այլ մթերքները ենթարկվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության,
-արդյո՞ք սպանդից հետո մթերատու կենդանիների մոտ հիվանդությունների հայտնաբերման դեպքում մսեղիքի վրա դրվում է անասնաբուժական կնիք, որը վկայում է դրա վնասազերծման կամ ուտիլիզացման եղանակների մասին,
– արդյո՞ք մսի դրոշմակնքման համար օգտագործվում են թույլատրելի ներկանյութեր,
-արդյո՞ք սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն ունի սանիտարական անձնագիր:
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, արձանագրված արդյունքները կհրապարակվեն: