Հայ Առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ հայտարարել են իրենց անվերապահ հավատարմության մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ասվում է հոգևոր առաջնորդների կողմից տարածված հայտարարության մեջ։
Փաստաթղթում հոգևորականները շեշտել են, որ անընդունելի են համարում «ներքին եկեղեցական խնդիրները քաղաքական միջամտությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ դրանց վերագրվող պատճառներից»։ Նրանք նշել են, որ եկեղեցու կառավարումը և նրա ներքին կյանքին վերաբերող հարցերը պետք է լուծվեն բացառապես կանոնական մեխանիզմների և իրավասու եկեղեցական մարմինների միջոցով։
Ստորագրողները դատապարտել են «Սուրբ պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակման կամայական զեղչումը»՝ այն անվանելով ծիսական կանոնների կոպիտ խախտում, որը «պարունակում է պառակտման տարրեր»։
Հայտարարության մեջ նշվում էր, որ Հայ Առաքելական եկեղեցու միասնությունը «վեր է անձնական կամ խմբային շահերից» և պետք է ամրապնդվի «սիրո հաղորդության, ճշմարտության և արդարության հանապարհով»։ Հոգևորականները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կգտնեն «արդյունավետ լուծումներ եկեղեցու օգտին»։
Հայտարարությունն ստորագրել են արքեպիսկոպոսներ Խաժակ Պարսամյանը, Նաթան Հովհաննիսյանը, Հակոբ Գլնճյանը, Եզրաս Ներսիսյանը, Վիգեն Այքազյանը, Հայկազուն Նաջարյանը, Միքայել Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը, Արշակ Խաչատրյանը և եպիսկոպոսներ Վահան Հովհաննիսյանը, Հովակիմ Մանուկյանը, Տաթև Հակոբյանը, Արարատ Գալթագճյանը, Մկրտիչ Պռոշյանը, Աբգար Հովակիմյանը, Մարկոս Հովհաննիսյանը, Մուշեղ Բաբայանը, Նարեկ Բերբերյանը, Հովնան Հակոբյանը, Դանիել Ֆընտըգյանը, Տիրան Պետրոսյանը, Մեսրոպ Պարսամյանը, Օշական Կյուլկյուլյանը, Առեն Շահենյանը, Գրիգոր Խաչատրյանը, Կիրակոս Դավթյանը և Մակար Հակոբյանը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու տասը եպիսկոպոս կոչ էր արել Ամենայն Հայոց կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրած բարձրաստիճան հոգևորականների մեծ մասը մասնակցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլև բոլոր թեմերի:
