ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի լեհական «Լեգիայի» հետ հանդիպմանը Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն «խաղադաշտ դուրս կգա պատերազմի», հայտարարել է ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը։
«Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու պատերազմի, պատրաստ ենք կռվել դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։ Սա պատմական պահ է բոլորիս համար»,- ասել է Վարդանյանն իր ուղերձում։
Նրա խոսքով՝ իր թիմին բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։
«Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։ Վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու։ Առա՛ջ, «Նոա»։ Առա՛ջ, Հայաստան»,- նշված է ուղերձի մեջ։
«Նոան» լեհական ամենատիտղոսակիր թիմին՝ «Լեգիային», կընդունի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:45-ին։
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» հաղթել էր Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Երկրորդ տուրում հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։ Երրորդ տուրում պարտվել էր չեխական «Սիգմային», իսկ չորրորդ տուրում ոչ-ոքի էր ավարտել խաղը շոտլանդական «Աբերդինի» հետ։
