«Քարերի սիմֆոնիայի» տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է պետությանը

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է պետությանը

4 դեկտեմբերի 2025 – 14:39 AMT

PanARMENIAN.Net – Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն՝ առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղ Գառնիում գտնվող 0․11 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը ՀՀ–ին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է դեպքի նախապատմությունը՝ ընդգծելով, որ հարցում գտնվող հողամասը տեղակայված է հանրաճանաչ «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում, հայտնում է 1lurer.am-ը։

«Կոտայքի մարզի դատախաղության կողմից կատարվել է ուսումնասիրություն, և ներկայացվել է միջնորդագիր, արդյունքում՝ Գառնի համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է, և ըստ էության, բնության հատուկ պահպանվող տարածք է»,- ասել է նա։

Նախարարի տեղակալի խոսքով, Կոտայքի մարզի դատախազը գրավոր տեղեկացրել է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ տվյալ հողամասի նկատմամբ ի սկզբանե գրանցվել է համայնքի սեփականության իրավունք, որը հետագայում փոխանցվել է ֆիզիկական անձի։ Միջնորդագրի հիման վրա համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է, և ներկայում առաջարկվում է գույքն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հետագա ապօրինի օտարումից և խախտումներից զերծ պահելու նպատակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ «Այսինքն՝ «Քարերի սիմֆոնիայի» մի հատված սեփականաշնորհված է եղել ֆիզիկական անձի կողմից, և արձանագրելով, որ դա ապօրինի է, չէր կարող սեփականաշնորհվել, որովհետև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հող է, այդ կետից չենք վերադարձնում համայնքին, այլ վերադարձնում ենք ՇՄՆ-ին»։

Leave a Comment