«Այն մարդիկ, ովքեր 2018 թվականին եկան իշխանության այն հայտարարություններով, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, հովանավորչության դեմ պայքարել, հիմա ամեն քայլափոխի կարող ես առերեսվել մի իրականության, որտեղ տեղի է ունենում կոռուպցիա, հովանավորչություն, գումարների խոշոր մսխում: Ես հիմա կփորձեմ փաստերով ներկայացնել մի քանի դրվագներ, պարզապես: Օրինակ, Ստեփանավանի ՔՊ-ական համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ով կազմակերպություն էր հիմնադրել 2018 թվականին և հետո քաղաքապետ դառնալուց հետո իր կազմակերպությունը սկզբում փոխանցել է իր դստերը և հետո կնոջը, 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ։ Փաստացի իր կառավարման օրոք 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել իր իսկ կողմից ձևավորված և հետո կնոջը փոխանցված կազմակերպության հետ․ հովանավորչությունն ուրիշ ձև, կամ կոռուպցիան ուրիշ ձև ինչպե՞ս պետք է դրսևորվի: Հաջորդը․ վերջերս հայտնի դարձավ, կարծես թե, Factor-ի որոշակի վերլուծությունների արդյունքում, որ 207 միլիոն դրամ կամ 550 000 դոlար գաղտնի ընթացակարգով մեկ անձից գնումների տրամաբանությամբ փոխանցվել է մի կազմակերպության, որը հիմնականում կապվում է Վարդան Ազատյան անուն-ազգանուն ունեցող մարդու հետ, ինչ-որ վերլուծություններ կատարելու մասով: Այսինքն գաղտնի ընթացակարգով, մեր քաղաքացիների գրպանից 550 000 դոlար տրամադրվում է մի մարդու ինչ-որ վերլուծություններ կատարելու մասով: Ես ուզում եմ հիշեցնել, որ տվյալ անձը, օրինակ, հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը, այսինքն մերձիշխանական մարդուն գաղտնի ռեժիմով, մեկ ընթացակարգով տրամադրվել է 550 000 դոլար: Հովանավորչությո՞ւն, չէ, չենք լսել նման բան»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։