4 դեկտեմբերի 2025 – 13:26 AMT
PanARMENIAN.Net – «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում օրեր շարունակ մոլեգնած հրդեհների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՔԿ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրդեհելու մասին լուրերին, ՔԿ-ից նշել են, որ քրեական վարույթում նման տվյալներ առկա չեն։
Նշվել է, որ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր հատվածներում 2025թ․ նոյեմբերի 21-ից բռնկված հրդեհների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում 2025թ․ դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով (Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, որն իրականացվել է՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս)։
«Քրեական վարույթով իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ նախաքննության համակողմանիությունն ու բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,–ասել են ՔԿ–ից։
Վերջին օրերին միաժամանակ հրդեհներ են բռնկվել Հայաստանի մի քանի մարզերում։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում կրակը տարածվել է երեք օջախից՝ սկսած նոյեմբերի 21-ից, որը մինչ օրս չի մարվել։ Այնուհետև հրդեհներ են գրանցվել Շիրակի և Տավուշի մարզերում։ Դիլիջանի արգելոցային տարածքում հրդեհները տարածվել են չորս օջախից՝ պատճառելով էկոհամակարգին աննախադեպ վնաս։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վահան բնակավայրի մոտ հրդեհը տարածվել է սահմանագծին մոտ հատվածից՝ հակառակորդի կողմից։ Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանը հաստատել է, որ կրակը այդ հատվածից է տարածվել։ Իր հերթին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կասկած է հայտնել է, թե հրդեհները կարող են դիտավորյալ և համակարգված լինել՝ բացառելով պատահականության տարբերակը։